Բժիշկներից երկար ժամանակ պահանջվեց պարզելու,թե ինչն էր տղայի ոտքերի արնահոսության պատճառը ծովից դուրս գալուց հետո

«Օվկիանոսից դուրս գալուց հետո ինձ թվաց, թե ոտքերիս վրա ավազ է կպել, ուստի թափահարեցի սրունքներս, բայց մոտ 20 մետր քայլելուց հետո նկատեցի, որ ոտքերս արյան մեջ կորած են»։

16-ամյա Սեմ Քենիզեյն ընդամենը 30 րոպե էր անցկացրել Բրայթոն քաղաքի ծովափերից մեկում, սակայն այդ ընթացքում ինչ-որ տարօրինակ ծովային արարածներ հարձակվել էին նրա ոտքերի վրա։

Սկզբում տղան զարմացել էր, քանի որ գաղափար անգամ չուներ, թե ինչ է պատահել։ Երբ հասավ իրենց տան բակ, զանգահարեց իր ծնողներին, որպեսզի դուրս գան և օգնեն իրեն։ Ծնողները նույնպես ապշել էին։

«Նրան անմիջապես լոգարան տարանք։ Ցնցուղով արագ լվացինք ոտքերը, սակայն արնահոսությունը չէր դադարում»,- նշել է Սեմի հայրը։

Տնային միջոցներով օգնություն ցուցաբերել չկարողանալուց հետո տղային շտապ հիվանդանոց տեղափոխեցին, ուր անգամ բժիշկները վստահ չէին՝ ինչու են տղայի ոտքերն անդադար արնահոսում։

«Երբ ջրի մեջ էի, թվում էր, թե հարյուրավոր ասեղներ ծակում են ոտքերս, բայց կարծում էի՝ ջրի սառնությունից է մոտս նման զգացողություն առաջացել։ Դրա համար էլ դուրս չեկա ջրից․ գաղափար անգամ չունեի, որ ինչ-որ կենդանիներ խայթում են ինձ»,- ավելի ուշ պատմել է Սեմ Քենիզեյը։

Հիվանդանոցի բժշիկները կապ էին հաստատել մի քանի այլ հիվանդանոցների հետ՝ պարզելու, թե արդյոք նրանց մոտ նման դեպք երբևէ գրանցվել է։ Սակայն այդպես էլ չհաջողվեց հասկանալ, թե ինչն էր տղայի մոտ արնահոսություն առաջացրել։

Սեմի հայրը որոշեց ինքնուրույն բացահայտել առեղծվածը։ Այսպիսով նա հում մսի մի կտոր վերցրեց, գնաց նույն ծովափ և այն գցեց ջրի մեջ, ապա հանեց այն ջրի միջից։ Մսի կտորի վրա հարյուրավոր միջատներ կային՝ ծովային ոջիլներ։

Անգամ այս ամենից հետո բժիշկները տատանվում էին՝ նշելով, որ ջրում շատ կենդանատեսակներ կան, և նրանց բոլորին էլ կգրավեր հում միսը։

Չնայած ծովային ոջիլների՝ Սեմ Քենիզեյի վրա հարձակում գործելու տարբերակը ապացուցված չէ, սակայն դա ամենահավանականն է։
Աղբյուրը